Նաիրի ինշուրանս

21-03-2024

Ուսման վարձը փոխհատուցող հատուկ ՆԱԻՐՅԱՆ կրթաթոշակ

ՆԱԻՐԻՆ այս տարի կրթական ոլորտում ներդրումների աննախադեպ երկարաժամկետ ծրագիր է նախաձեռնել։ Առաջին անգամ Հայաստանում ապահովագրական ընկերությունը հատուկ կրթաթոշակներ է սահմանում՝ չորս տարիների ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցող, տարբեր բուհերի մի շարք մասնագիտությունների գծով։ Առաջին հուշագիրն արդեն ստորագրվել է Երևանի պետական համալսարանի հետ։
Ծրագրի գործընկերն է «Կորիզ» կրթական ծրագիրը։

Եռակողմ հուշագիրը ստորագրվեց Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և «Կորիզ» կրթական ծրագիր ընկերության տնօրեն Սուրեն Ալոյանի միջև:

Ըստ հուշագրի՝ «Նաիրի Ինշուրանսը» փոխհատուցելու է «Կորիզ» համադպրոցական առցանց մրցույթում 11-րդ դասարանի լավագույն արդյունքներ գրանցած ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրով ընդունվող 2 մասնակիցների ուսման վարձավճարը բակալավրիատի (4 տարի) ուսումնառության ամբողջ ընթացքում: ՆԱԻՐԻՆ դիտարկելու է ուսանողների աշխատանքի անցնելու, ինչպես նաև մագիստրոսական կրթության ֆինանսավորման հնարավորությունը։

 

«Մենք հավատում ենք, որ կրթությունն է մեր երկրի ապագան։ Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ սա մեր ներդրումն է այս գործում»,- իր խոսքում նշեց ՆԱԻՐԻԻ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։

Այս մասնագիտությունները թիրախային են ընտրվել։ Ոլորտում լավ մասնագետների կարիք կա։ ՆԱԻՐԻՆ այսպիսով ցույց է տալիս իր հոգածությունը, նպաստում ապահովագրական ոլորտը որակյալ կադրերով համալրելու գործին։

Կրթական այս ներդրումները շարունակելի են լինելու։