Մեզ հետ ապահով է
0%
Սեպտեմբերի 16-17-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղում անցկացվեց ՀԱՎՔ օդային ռոբոտաշինության երրորդ ամենամյա մրցույթը։ Մասնակցում էին դպրոցական, սիրողական և մասնագիտական խմբեր։ ՆԱԻՐԻՆ, հավատարիմ լինելով իր սկզբունքներին, ՀԱՎՔ 2023-ի կողքին կանգնեց՝ որպես աջակից ու հովանավոր։
«Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում միայն աշխարհից հետ չմնալու ու համընթաց քայլելու համար չէ։ Հայաստանի համար սա անվտանգության, ապահովության հարց է։ Նաիրի Ինշուրանսը լավ գիտի ապահովության կարևորությունը, մենք ամեն օր ու ամեն ժամ աշխատում ենք մեզ վստահած մարդկանց կյանքն ավելի ապահով դարձնելու համար։Մենք արժևորում ենք Հավքն ու նման նախաձեռնությունները․ իհարկե, միշտ կարելի է տարբեր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ գնել արտերկրից, բայց Հայաստանն ունի փայլուն ուղեղներ, մեծ ներուժ՝ տեղում արտադրելու ոչ միայն երկրի պահանջարկը բավարարելու, այլև աշխարհում առաջատարներից մեկը դառնալու համար։ Մենք սրան ենք հավատում, ուստի «Հավք»-ին միանալն ու աջակցելը մեր սոցիալական պատասխանատվությունն է»,- իր խոսքում նշում է Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
«Հավք» ԱԹՍ մրցույթն անցկացվեց երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս անգամ մրցույթին առաջադրվող խնդիրներն էին տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։ Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող էին առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում:
Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի միջոցով մասնակից թիմերի կողմից առաջարկել լուծումներ։