Մեզ հետ ապահով է
0%
Հայաստանը սկսվում է սահմաններից, երկիրն ամուր է, երբ սահմաններն են անառիկ, զինվորն էլ սահմանը պահելիս գոտեպնդվում է, երբ հետ է նայում ու ընտանիքներ, երեխաներ է տեսնում։ Այս համոզմունքով Նաիրի Ինշուրանսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում այս անգամ ուշադրության կենտրոնում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղն էր։
Կութը սահմանամերձ դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Սովորական կարգավիճակ ունեցող բնակավայրում ապրողներից կութեցիները միանգամից վերածվեցին սահմանապահի։ Կարգավիճակից բացի սոցիալական պայմաններն էլ փոխվեցին, հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղացիները ստիպված եղան կենդանիների գլխաքանակը պակասեցնել, որովհետև և արոտավայրերը պակասեցին, և անասսուններին սար տանելն այլևս նախկինի պես ապահով չէ։ Եղան մի քանի ընտանիքներ, որոնք որոշեցին դուրս գալ գյուղից, բայց գերակշիռ մեծամասնությունը մնաց` պատվով ընդունելով նոր պատասխանատվությունը, վստահ որոշումով` շենացնել գյուղը, ամուր պահել սահմանը։
Նաիրիի լավ գործընկերներից մեկից իմացանք` Կութի փոքրիկները շատ են ցանկանում գյուղում ունենալ երաժշտական գործիքներ և նկարչական պարագաներ, քանի որ դպրոցական դասերի ավարտից հետո գյուղում ոչ մի տեսակի զբաղմունք չունեն։ Նաիրին միանգամից ու սիրով արձագանքեց կութեցի երեխաների ցանկությանը։ Ու որոշեցինք հերթական կիրակին յուրահատուկ ու տարբերվող անցկացնել` նվերներն անձամբ Կութ հասցնելու, երեխաների հետ զրուցելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու համար։
Մեր թիմին միացավ նաև նկարչուհի Հասմիկը` տեղում վարպետության մեկ դաս անցկացնելու, նկարչական պրոֆեսիոնալ պարագաները ճիշտ և գրագետ օգտագործել սովորեցնելու համար։
Նաիրիի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ Սոֆիան էլ բարձր դասարանցիների հետ զրուցեց մասնագիտական հետագա կողմնորոշման մասին, պրակտիկ խորհուրդներ տվեց` ինչն է կարևորում գործատուն աշխատանքի ընդունելիս և այլն։
Կութից հեռացանք դրական էներգիայի մի մեծ չափաբաժնով զինված և երախտագիտության զգացումով լցված։ Այո, շնորհակալ ենք մենք, շնորհակալ ենք յուրաքանչյուր սահմանապահ մեր հայրենակցի` մեծ, թե փոքր, ով իր` սահմանին մոտ ապրելով արդեն այս սահմանն ավելի ամուր է դարձնում։ Շնորհակալ ենք, խաղաղություն սահմաններին ու մեր հայրենիքին։