Մեզ հետ ապահով է
0%
Նաիրի ինշուրանսը և Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերությունը օրերս «Radisson Blu Hotel Yerevan»-ում ներկայացրեցին մեր երկրում նախադեպը չունեցող ապահովագրական ծրագիր, որն անհրաժեշտ կլինի բոլոր նրանց, ովքեր զբաղվում են մեր երկրից դեպի այլ պետություններ ապրանքների, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանմամբ։ Ծրագիրը ներկայացվեց հենց գործարարներին ՝ արտադրողներին, արտահանողներին և տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
«Պետության և մասնավոր ոլորտի համագործակցության ուղղությամբ գործուն քայլ է կատարվել, և դրա արդյունքում ապահովագրական այնպիսի պրոդուկտ է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին ապահով և անվնաս գործունեություն իրականացնել՝ վստահ լինելով, որ չեն կրելու ֆինանսական որևէ վնաս»,- ապահովագրական ծրագրի մասին խոսելիս՝ նշում է Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։
Հատուկ ընդգծում է ՝ ապահովագրական պրոդուկտը յուրօրինակ է։ Ծրագրի շրջանակում ապահովագրության ենթակա է գյուղատնտեսական արտադրանքը՝ որպես բեռ։ Առաջին անգամ ապահովագրողի կողմից հատուցվում է բեռի կամ դրա մի մասի վնասումը, ոչնչացումը, որը հետևանք է բեռի առաքման ժամկետի ուշացման՝ Վերին Լարսի կամ այլ անցակետի անցողունակության սահմանափակման կամ թողունակության կրճատման պատճառով։ Սրանք այն խնդիրներն են, որոնց արտահանողները շատ են բախվում։
«Բեռների ամբողջական ապահովագրություն նախագիծ է սա, մեր և ապահովագրական ընկերության գործիքների համատեղ կիրառման արդյունքում մեր արտահանողները, արտադրող կազմակերպությունները կկարողանան ապահովագրել սպառնման կարճ ժամկետ ունեցող ապրանքները ցանկացած ռիսկից»,- նշում է Հայաստանի արտահանման ապահովագրական ընկերության հաճախորդների ներգրավման բաժնի ղեկավար Կարեն Իվանովը։
Երկրի զարգացման, անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից մեկը տնտեսության զարգացումն է։ Հայաստանից իրականացվող արտահանումներն այստեղ կարևոր դեր ունեն, դրանց զարգացումը և’ գյուղացու, և’ արտադրողի, և’ արտահանողի, և’ վերջնարդյունքում երկրի ու ժողովրդի համար է եկամուտ գեներացնում։
«Ուրախ ենք, որ այս հարցում կարողացանք պետության հետ համագործակցությամբ այս պրոդուկտը ներկայացնել։ Մենք ցանկանում ենք տնտեսվարողի կողքին լինել ու բեռնափոխադրումների գործընթացում առկա բազմաթիվ ռիսկեր կառավարելի դարձնել։ Մենք նաև մեր պրոդուկտները մշտապես լրամշակում ու կատարելագործում ենք, ուստի ուրախ կլինենք թե այսօր, թե հետագայում հետադարձ կապ ստանալ, լսել կարծիքներն ու առաջարկները՝ պիլոտային այս ծրագիրն առավել կատարելագործելու համար»,- հավելում է Նաիրի Ինշուրանսի տնօրենը։
Պահանջարկի հետ կապված ակնկալիքները մեծ են, գործընկեր կազմակերպությունները կարծում են՝ այն դեռ ավելի է մեծանալու։ Ծրագրի գերնպատակն է՝ արտահանողի համար ռիսկերն ավելի կառավարելի դարձնելով՝ ավելացնել արտահանումների ծավալը, հետևապես նպաստել տնտեսության զարգացմանը։