Մեզ հետ ապահով է
0%
Կյանքի ապահովագրության պատմությունը հասնում է մինչև անտիկ ժամանակներ։ Պարզվում է՝ դեռ Հին Հռոմում, Աթենքում, Եգիպտոսում ու Չինաստանում ժամանակակից աշխարհում մեծ պահանջարկ ունեցող այս ապահովագրատեսակի հիմքն են դրել։
Բավականին լավ զարգացած կյանքի ապահովագրություն եղել է նույնիսկ հին հռոմեացիների մոտ անտիկ ժամանակներում։ Ձևավորված էին հատուկ միություններ՝ արհեստակցական, կրոնական, զինվորական։ Եթե միության անդամներից մեկի հետ դժբախտ պատահար էր տեղի ունենում, նա և նրա ընտանիքը նյութական աջակցություն էր ստանում։ Դրա համար հատուկ ստեղծված դրամարկղեր էլ կային։
Մ․թ․ա․ 2700 թվականին Հին Եգիպտոսում բուրգերի շինարարությանը մասնակցող բանվորները հատուկ դրամարկղ էին հավաքել։ Եթե նրանցից մեկի հետ դժբախտ պատահար էր տեղի ունենում շինարարության հետևանքով, օրինակ, նա մահանում էր կամ հաշմանդամություն ձեռքբերում, ապա նյութական աջակցություն էր տրվում նրա ընտանիքին։ Միությունների անդամներին նմանատիպ օգնության կարգ ու կանոն էր մշակված նաև Հին Աթենքում դեռևս մ․թ․ա․ 4-րդ դարում։
Միջնադարում ևս տարբեր արհեստակցական միություններ իրենց անդամներին նյութական աջակցություն էին ցուցաբերում։ Միայն թե նրանք չունեին մշտական դրամարկղեր, ֆինանսական օգնությունը հավաքվում էր ըստ անհրաժեշտության։
Ժամանակակակից ընկալմամբ կյանքի ապահովագրությունը ստեղծվել է Անգլիայում։ Ամենասկզբում մեծ թափով զարգանում էր բեռների և նավերի ապահովագրությունը, պատճառը՝ միջնադարյան առևտուրն էր, հետո գույքից բացի սկսեցին ապահովագրել նաև նավի հրամանատարների կյանքը։
1693 թվականին Էդմունդ Դալլեյը մշակեց առաջին ամբողջական, այսպես ասած, «մահացության աղյուսակը»։ Դրա օգնությամբ հնարավոր եղավ կյանքի ապահովագրության արժեքը ստանալ՝ հիմք ընդունելով գիտականորեն հաշվարկված մարդու կյանքի միջին տևողությունը։ Իսկ արդեն 1755 թվականին անգլիացի մաթեմատիկոս Ջեյմս Դոդսոնը, հիմնվելով գիտության վերջին նվաճումների վրա, կարողացավ որոշել ապահովագրական ծածկույթների արժեքներն ու հաշվարկել այն կապիտալը, որն անձը կկուտակի որոշակի տարիքում, եթե ապահովագրական վճարումներ կատարի ամբողջ կյանքի ընթացքում։ Դոդսոնը պտտվել էր լոնդոնյան տարբեր գերեզմանոցներում, գրառումներ կատարել, հաշվարկել՝ կյանքի միջին տևողությունը։ Հենց նա է համարվում ապահովագրությանը գիտական մոտեցում ցուցաբերելու հիմնադիրը։ Արդեն 1762 թվականին նրա ընկերը՝ Ռիչարդ Փրայսը, հիմնեց «Equitable Life Assurance Society»՝ կյանքի ապահովագրությամբ զբաղվող աշխարհի ամենահին ընկերությունը, որն, ի դեպ, մինչև այսօր է գործում։
1819 թվականին Ֆրանսիայում ձևավորվեց կյանքի ապահովագրության առաջին միությունը, դրանից մի քանի տարի անց՝ 1824 թ․-ին, նման միություններ ստեղծվեցին նաև Բելգիայում, Ավստրիայում, իսկ 1828թ․-ին՝ նաև Գերմանիայում։ 19-րդ դարի վերջին կյանքի ապահովագրություն ձեռքբերած հաճախորդների թիվն արդեն միլիոնից ավելի էր։
ՌԴ-ում կյանքի ապահովագրություն առաջարկող ընկերությունները շատ ավելի ուշ են ձևավորվել։ Առաջինը հիմնվել է 1835 թ․-ին, այն այդպես էլ անվանվել է՝ պարզ ու հասկանալի՝ «Կյանք»։
Այսօր էլ կյանքի ապահովագրությունը պահանջված ապահովագրատեսակ է ամբողջ աշխարհում։ Նշենք, որ կյանքի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա Հայաստանում ոչ մի ընկերություն չունի։
Նյութի աղբյուրը՝ lifeinsurance.kz