Մեզ հետ ապահով է
0%
ԱՄՆ բնակիչը հանուն ապահովագրական փոխհատուցման սպանել է կնոջը, դրանից 17 տարի անց՝ նաև որդուն։ Հանցագործությունը բացահայտելու հարցում օգնել է նրա երկրորդ կինը, երբ իմացել է, որ ամուսինը նաև իր կյանքն է ապահովագրել։
2013 թվականին ԱՄՆ բնակիչ Կառլ Կարլսենը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման որդու սպանության համար։ Որդու կյանքն ապահովագրված է եղել, հանուն կլորիկ ապահովագրական փոխհատուցման էլ նա գնացել է այդ դաժան քայլին։ 2020 թվականի փետրվարին նրան նաև մեղավոր ճանաչեցին նույն պատճառով նաև կնոջը սպանելու համար։
30-ամյա Քրիստինա Կարլսենը մահացել է 1991 թվականի հունվարի 1-ին։ Տանը հրդեհ էր բռնկվել, Քրիստինային չէր հաջողվել ժամանակին դուրս գալ լոգասենյակից, և նա խեղդվել էր։ Երեք երեխաներին տնից դուրս գալ օգնել էր հայրը։ Կնոջ մահից օրեր անց ամուսինը՝ Կառլը, ստացել էր 215 հազար դոլար ապահովագրական փոխհատուցում, քանի որ կնոջ կյանքն ապահովագրված էր։ Կառլը վերցնում է գումարն ու երեխաների հետ տեղափոխվում Կալիֆոռնիայից Նյու Յորք։ Գումարը նա ծախսում է տեղափոխության, նոր տուն գնելու, որոշ վճարումներ կատարելու համար։
Թեպետ Քրիստինայի մահվան պատմությունը բավականին կասկածելի էր, հատկապես այն հանգամանքը, որ Քրիստինան մահացել էր ընդամենը 19 օր անց այն բանից հետո, երբ ամուսինն ապահովագրել էր նրա կյանքը, բայց 1991 թվականին ամուսնուն այդպես էլ մեղադրանք չներկայացվեց։
2008 թվականին Կարլսենի որդին՝ 23-ամյա Լևին ապահովագրեց իր կյանքը 700 հազար դոլարի չափով։ Նա նաև ստորագրեց փաստաթղթեր, որ իր մահվան դեպքում ապահովագրական փոխհատուցումը պետք է հայրը ստանա։ Հայրը ներկա էր փաստաթղթերի ստորագրմանը։ Դրանից ժամեր անց Կարլսենի երկրորդ կինը՝ Սինդին, ավտոտնակում գտնում է Լևիի մարմինն այն մեքենայի տակ, որը Լևին վերանորոգում էր։ Մեքենան ընկել էր հատուկ սարքավորման վրայից Լևիի վրա։
Այս դեպքը ևս ոստիկանությունը համարեց դժբախտ պատահար։ Բայց դրանից 3 տարի անց Սինդին պարզում է, որ Լևիի մահից հետո ստացած ապահովագրական փոխհատուցումն ամուսինը ներդրել է հենց իր՝ Սինդիի կյանքի ապահովագրության ձևակերպման համար։ Արդյունքում, Կառլ Կարլսենը երկրորդ կնոջ՝ Սինդիի կյանքն ապահովագրել էր 1,2 միլիոն դոլարով։ Կինն արդեն իսկ որոշակի կասկածներ ուներ և դիմում է Ոստիկանություն։ Նրա վրա հատուկ, փոքրիկ միկրոֆոն են ամրացնում՝ ամուսնու հետ զրույցին հետևելու համար։ Զրույցի ժամանակ Սինդիին հաջողվում է ամուսնուն հունից հանել և ստիպել խոստովանել, որ հենց նա է այնպես արել, որ մեքենան ընկնի որդու՝ Լևիի վրա։
2013 թվականին Կառլ Կարլսենն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքն ու դատապարտվեց 15 տարվա ազատազրկման որդու սպանության համար։ Դատական գործընթացը գրավեց նաև Կալիֆոռնիայի ոստիկանության ուշադրությունն, ու նրանք վերաբացեցին նաև Քրիստինա Կարլսենի մահվան հանգամանքների հետաքննությունը։ Դատարանում նրանց դուստրը՝ Էրինը, ցուցմունք տվեց՝ ասելով, որ վստահ է՝ մոր սպանության մեջ ևս հայրն է մեղավոր։
«Հրդեհի ժամանակ ես 6 տարեկան էի, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց մեծանալով՝ ամեն ինչ հասկացա։ Նա պարզապես կանգնած էր, ոչ մի ջանք չգործադրեց մայրիկին փրկելու համար»,- հայտարարել է Էրինը։
2020 թվականին փետրվարի 3-ին դատարանը Կարլսենին մեղավոր ճանաչեց նաև կնոջ սպանության համար։ Կառլը դիտավորյալ հրդեհ էր առաջացրել տանը և փակել լոգասենյակի պատուհանը, որպեսզի Քրիստինան չկարողանա բացել պատուհանն ու խեղդվի։ Ենթադրվում է, որ մարտի 17-ին դատավորը կհայտարարի Կառլ Կարլսենի դատավճիռը, նա կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ պայմանական ազատ արձակման իրավունքի։
Հոդվածը թարգմանված է meduza.io կայքից։