5 ԽՈՐՀՈՒՐԴ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՑ
Ամբողջ աշխարհում ամեն տարի մի քանի 100․000 մարդ բախվում է ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ-ին։ Ավելի հաճախ վարորդները «փաստի առաջ են կանգնում» այն պատճառով, որ պարզապես իրազեկված չեն, չգիտեն այն հիմքերը, որոնց դեպքում ապահովագրական ընկերությունները կարող են հետադարձ պահանջ կիրառել։
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ փորձագետները որոշել են «ապահովագրել» Ձեզ ՍՈԲՐՈԳԱՑԻԱՅԻՑ՝ իրազեկելով Ձեր իրավունքների և պարտավորությունների մասին։
Ինչ է հետադարձ պահանջը (սուբրոգացիա)
Առաջին հերթին եկեք հասկանանք, թե ինչ է ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԸ․ տուժող կողմին ապահովագրական ընկերությունը վճարում է վթարի հետևանքով պատճառված վնասը, և արդեն մեղավոր կողմի ապահովագրական ընկերությունն իրավունք է ձեռքբերում իր հաճախորդի նկատմամբ այդ վճարված գումարը հետ գանձելու։ Այսինքն, եթե ավտոտրանսպորտային պատահարի մասնակից եք դարձել, և կարծում եք, որ խնդիր չեք ունենա, որովհետև ԱՊՊԱ պայմանագրով պատճառված վնասը կփոխհատուցվի, ապա պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ, որովհետև վճարված գումարը կարող է հետ գանձվել: Հետադարձ պահանջ (սուբրոգացիա) կարղ է կիրառվել, եթե չեն պահպանվել մի շարք ԱՆՀՐԱԺԵՇՏ և ՊԱՐՏԱԴԻՐ կանոններ։
Զանգերի սպասարկման բաժնի պետ Լիանա Հախվերդյանը ներկայացնում է հետադարձ պահանջի կիրառման 5 հիմք, որոնք ամենից հաճախ են հանդիպում։
Ինչպե՞ս խուսափել հետադարձ պահանջից
1․ Մեղավոր ես, թե անմեղ՝ ՄԻՇՏ տեղեկացրու ապահովագրական ընկերությանը
Հետադարձ պահանջի կիրառման ամենատարածված դեպքը սահմանված ժամկետներում ապահովագրական ընկերությանն ավտոպատահարի մասին չհայտնելն է․ անկախ նրանից պատահարը մեծ է, թե փոքր, պատահարի հետևանքով վնասի չափը 100 հազար դրամը գերազանցելու է, թե ոչ, ով է պատահարի մեղավոր, թե տուժող կողմը, պարտադիր պետք է վթարից հետո առավելագույնը 40 րոպեում զանգահարել ապահովագրական ընկերություն: Լինում են դեպքեր, երբ ՃՈ-ն արձանագրում է պատահարը՝ մի կողմին նշելով մեղավոր, մյուսին՝ անմեղ, և անմեղ նշված անձը կարծում է՝ կարող է չզանգահարել իր ապահովագրականին: Հետագայում կարող է նշանակվել փորձաքննություն, ու անմեղ կողմը կարող է ճանաչվել մեղավոր կամ մասնակի մեղավոր: Ստացվում է, որ ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում անհրաժեշտ է կատարել ԱՊՊԱ պայմանագրի պահանջն ու զանգահարել, տեղեկացնել և հետևել ապահովագրական ընկերության աշխատակցի ցուցումներին։
2․Ոչ սթափ վիճակում ՄԻ' ՆՍՏԻՐ մեքենայի ղեկին
Երկրորդ հիմքը, որի դեպքում կարող է կիրառվել հետադարձ պահանջ, մեքենան ոչ սթափ վիճակում վարելն է։ Եթե պատահարում մեղավոր վարորդը մեքենան վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ, ապահովագրական ընկերությունը վճարում է տուժող կողմին պատճառված վնասը և իրավունք ունի մեղավոր վարորդից դատական կամ արտադատական կարգով հետ գանձել տուժողին վճարած գումարը։ ՉԻ' ԿԱՐԵԼԻ ալկոհոլի կամ հոգեմետ դեղերի ազդեցությամբ վարել մեքենա, և դա ոչ միայն հետադարձ պահանջից խուսափելու, այլև Ձեր և երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար է։
3․ ՄԻ' ՀԵՌԱՑԻՐ պատահարի վայրից
Առանց ապահովագրական ընկերության համաձայնությունը ստանալու և առանց հիմնավոր պահանջի դեպքի վայրը լքելու դեպքում ևս ընկերությունն իրավունք ունի կիրառելու հետադարձ պահանջ։ Լինում են դեպքեր, երբ վարորդներն ինչ-որ պատճառաբանությամբ հեռանում են դեպքի վայրից՝ ասելով, որ ունեին դրա համար հիմնավոր պատճառ․ օրենքով հստակ սահմանված է, թե որ դեպքերն են համարվում ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ, օրինակ, երբ պատահարի հետևանքով անձը վնասվածք է ստացել և պիտի դիմի բուժօգնության և այլն։
4․ ՄԻ' ՆՍՏԻՐ ղեկին, եթե չունես ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նկատի ունեցեք, որ խոսքը ոչ թե այն մասին է, որ պատահարի պահին վարորդական իրավունքը վարորդի մոտ չէ, այլ այն մասին, որ տվյալ անձը պարզապես չունի վարելու իրավունք։
5․ ՃԻ'ՇՏ նշիր ավտոմեքենայի օգտագործման ՆՊԱՏԱԿԸ
Պայմանավորված ավտոմեքենայի օգտագործման նպատակով՝ ԱՊՊԱ պայմանագրի արժեքը (ապահովագրական վճարը) տարբեր է լինում։ Լինում են դեպքեր, երբ մեքենան շահագործվում է որպես տաքսի կամ առևտրային այլ նպատակներով, սակայն ԱՊՊԱ պայմանագրում օգտագործման նպատակը նշված է, օրինակ, անձնական։ Այս դեպքում ևս ապահովագրական ընկերությունը կատարում է վնասի հատուցում և իրականացնում է հետադարձ պահանջի իրավունքը։
Հ.Գ. Հետադարձ պահանջի կիրառման բոլոր հիմքերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարդացե'ք «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը։
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է անվտանգ և ապահով երթևեկություն։