
25-02-2025
Իսկ գիտե՞ք, որ ԱՊՊԱ պայմանագիր անհրաժեշտ է կնքել նաև այն ժամանակ, երբ չեք շահագործում մեքենան
Նաիրի թիմ
ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց որոշել եք՝ հետաձգել նորի կնքումը, քանի որ վատառողջ եք և մի քանի օր տնից եք աշխատելու, հետևաբար մեքենա վարելու կարիք չեք ունենալու։ Անկեղծ ասած, ձեր փոխարեն այդքան հանգիստ չէի լինի, որովհետև ԱՊՊԱ պայմանագիր անհրաժեշտ է կնքել նաև այն ժամանակ, երբ չեք շահագործում մեքենան։
Քանի դեռ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված է ՀՀ-ում՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան փաստացի գտնվում է ՀՀ տարածքից դուրս, որի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքման անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ ավտոմեքենան չի շահագործվում, տուգանքներից խուսափելու համար կարող եք դիմել ճանապարհային ոստիկանություն՝ ավտոմեքենան հաշվառումից ժամանակավոր հանելու նպատակով, որն անվճար գործընթաց է։
Ի՞նչ տուգանքներ են սահմանված ԱՊՊԱ չունենալու համար․ ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր տասն օրվա համար 5 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով։ Իսկ ահա այն դեպքում, երբ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի վարել եք մեքենան ՀՀ տարածքում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով, ապա կտուգանվեք 100 000 ՀՀ դրամի չափով: Սակայն լավ լուր էլ կա․ իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։
Իրականում այսօր ապահովագրական ընկերությունները հոգ են տարել, որ ԱՊՊԱ կնքելը ձեր կյանքից ընդամենը մի քանի րոպե խլի։ ԱՊՊԱ գնացուցակը կամ ԱՊՊԱ-ի սակագներն իմանալու համար կարող եք մուտք գործել նախընտրած ապահովագրական ընկերության կայք կամ հավելված, կամ ASWA կամ էլ վճարահաշվարկային ընկերությունների հավելվածներով ստուգելու, թե որքան կարժենա ձեր ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն, հետո էլ օնլայն կնքել ԱՊՊԱ։ Համաձայնեք, ԱՊՊԱ օնլայնը հեշտացրել է կյանքը, իսկ ԱՊՊԱ-ն ավտոմեքենա վարելն անհամեմատ ապահով է դարձրել։