Մեզ հետ ապահով է
0%
Ապահովագրությունը մարդկային հարաբերությունների հսկայական իրավական ճյուղ է, որը պայմանականորեն բաժանվում է երկու մեծ բաժինների՝ կամավոր ապահովագրություն և պարտադիր ապահովագրություն: Ապահովագրության այս տեսակները սահմանված են նաև ՀՀ օրենսդրությամբ՝ «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքով կամ, ինչպես ավելի հաճախ այն անվանում են, ԱՊՊԱ օրենքով (*սա մի քիչ զավեշտալի է, քանի որ մեր երկրում ապահովագրության ցանկացած տեսակին ժողովրդախոսակցական լեզվով ընդունված է ուղղակի ԱՊՊԱ անվանել, թեպետ ԱՊՊԱ-ն կոնկրետ ապահովագրատեսակ է)։
Մեր երկրում ներկայում պարտադիր է ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը։ Կառավարությունը նաև փորձում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, այսինքն՝ պարտադիր դարձնել բժշկական ապահովագրություն ունենալը։ Մինչ այդ ապահովագրության այս տեսակը ևս մեր երկրում կամավոր է։ Վերջին տարիներին ամրապնդված մշակույթ է դարձել, որ խոշոր ընկերություններն իրենց աշխատակիցների համար ձեռք են բերեմ առողջության ապահովագրության կորպորատիվ փաթեթներ՝ հոգ տանելով նրանք առողջության ու ապահովության մասին։ Ուստի բժշկական ապահովագրությունն այսօր լայն թափով զարգանում ու տարածվում է մեր երկրում։
Կամավոր հայտնի ապահովագրատեսակներից է տուրիստական ապահովագրությունը։ Հիմնականում եվրոպական ուղղություններով մեկնելիս ապահովագրության այս տեսակն ունենալը պարտադիր է, պայմանագրի օրինակը մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում է։ Բայց վերջին տարիներին մեր քաղաքացիների մոտ շատ լավ սովորություն է ձևավորվել՝ ճամփորդական ապահովագրություն ձեռք բերել նույնիսկ այն դեպքում, երբ մեկնման երկրի համար դա պարտադիր չէ։ Ինչու՞․ որովհետև մարդիկ արդեն գիտեն՝ ապահովագրության այս տեսակն արտերկրում պատահարի դեպքում կարող է իսկական փրկօղակ դառնալ, ոչ միայն չնախատեսված մեծ ծախսերից պաշտպանել, այլև կյանք փրկել։
Հայաստանում ավտոապահովագրության պարտադիր տեսակի՝ ԱՊՊԱ-ի կողքին, վարորդները հաճախ նաև կամավոր ապահովագրատեսակներ են ձեռք բերում։ Այս ցանկում ամենապահանջվածներն են ԱՊԿԱ -ն և ԿԱՍԿՈ-ն։
Ինչու՞ է պետք ունենալ ԱՊԿԱ, եթե արդեն ունեք ԱՊՊԱ։ Եթե տեղի է ունեցել պատահար, որի մեղավորը Դուք եք, բայց Ձեր կողմից պատճառված վնասն ավելի մեծ է, քան փոխհատուցվում է ԱՊՊԱ պայմանագրով, ուրեմն մնացած մասը ստիպված եք լինելու Ձեր գրպանից վճարել։ Եթե ունեք ԱՊԿԱ, ապա կրկին վճարում է ապահովագրական ընկերությունը։ Դե իսկ ԿԱՍԿՈ-ն համալիր ապահովագրության տեսակ է, որը հատուցում է ավտոմեքենային պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից: Ու խոսքը ոչ միայն ավտովթարների դեպքում փոխհատուցման մասին է, այլ՝ բնական աղետների, հափշտակության, երրորդ անձանց գործողությունների հետևանքով առաջացած վնասների դեպքում է նաև ավտոապահովագրության այս տեսակը գործում։