
13-05-2025
Ի՞նչ անել, եթե հիվանդանում եք կամ վնասվում եք արտերկրում
Նաիրի թիմ
Հիվանդությունն ու վնասվածքներն առավել նյարդայնացնող ու, կարելի է ասել, հոգսաբեր են դառնում, երբ արտերկրում են վրա հասնում։ Որպեսզի մտահոգություններն ավելի քիչ լինեն, անպայման արտերկիր մեկնելուց առաջ պետք է ունենալ առողջության ապահովագրություն ճամփորդության համար։ Արժեքը կախված է ուղղությունից և արտերկրում մնալու օրերի քանակից, բայց մի քանի հազար դրամը վստահաբար ճամփորդողի բյուջեին մեծ վնաս չի հասցնի, մինչդեռ բժշկական օգնություն արտերկրում ստանալու անհրաժեշտությունը կարող է իսկական ֆինանսական հարված դառնալ։
Գաղտնիք չէ, որ արտասահմանում տարատեսակ բժշկական ծառայությունները բավականին կլորիկ գումար արժեն։ Անշուշտ, միշտ պետք է լավի մասին մտածել, բայց և իրականության աչքերին սթափ նայել՝ պատահարներ ճամփորդության ժամանակ լինում են։ Ավելի լավ է ունենալ ապահովագրություն, բայց այն չօգտագործել, քան թե չունենալ և խնդիրների բախվել։
Եթե ունեք տուրիստական ապահովագրություն, և պատահար է տեղի ունեցել, ապա առաջին քայլը պայմանագրում նշված աջակցող ընկերության հեռախոսահամարով զանգահարելն է։ Ճանապարհ ընկնելուց առաջ ստուգեք, որ գիտեք, թե դա որ հեռախոսահամարն է։ Սովորաբար, աջակցող կազմակերպություններն ունենում են տարբեր լեզուներով, այդ թվում՝ անգլերեն և ռուսերեն խոսող աշխատակիցներ, ուստի լեզվական խնդիրներ պիտի չառաջանան։ Կարող եք նաև կապ հաստատել ձեր ապահովագրական ընկերության հետ, գրել սոցցանցերի էջերով կամ կապի հասանելի այլ տարբերակով, տեղեկացնել պատահարի մասին։ Նաիրի Ինշուրանսի դեպքում որոշ երկրների պարագայում տեղում վճարելու կարիք չկա․ եթե պատահարը հատուցելի է, ապա ընկերությունն անմիջապես կհոգա այդ ծախսերը։ Երբեմն էլ անհրաժեշտ է լինում, որ ապահովագրված անձը տեղում վճարումները կատարի, հետո ապահովագրական ընկերությանը ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը՝ բժշկի տված խորհրդատվական թերթիկը, էպիկրիզ, ցուցում, կատարված ֆինանսական ծախսերի ապացույցներ և այլն։ Վնասվածքների դեպքում անհրաժեշտ է նաև ոստիկանության եզրակացություն։ Արտերկրում գնված դեղորայքը ևս հատուցելի է, եթե այն ձեռք է բերվել բժշկի ցուցումով և տեղի ունեցած ապահովագրական պատահարի համար։ Այս դեպքում էլ անհրաժեշտ է ներկայացնել բժշկի գրավոր ցուցումը, հիմնավորումն ու գնված դեղորայքի կտրոնը։